ք. Երևան, 21 ապրիլի 2009թ. ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հայաստանյան գրասենյակը, <<Երաժշտություն և հանրային իրազեկում մարզերում. համայնքների կարիքների դիտարկումը մշակույթի պրիզմայով>> ծրագրի շրջանակներում, Գյումրի քաղաքում կազմակերպեց համերգ և հանրային իրազեկման քարոզարշավ' նվիրված Շիրակի մարզում մարդու իրավունքների և հանդուրժողականության հիմախնդիրներին: Համերգը ներկայացրեց Հայաստանի պետական կամերային նվագախումբը (ՀՊԿՆ)' մաեստրո Արամ Ղարաբեկյանի գլխավորությամբ:
Ծրագրի հիմնական նպատակն է նպաստել մարզերում մշակութային կյանքի ակտիվացմանը, վերացնել մշակութային մեկուսացումը և բարձրացնել հանրային իրազեկությունը համայնքների կարիքների վերաբերյալ' օգտագործելով մշակույթը և, մասնավորապես, երաժշտությունը' որպես այդ նպատակի իրականացման խթան:
Ծրագիրը կարևոր համագործակցություն է հաստատել <<Շողակաթ>> հեռուստաընկերության հետ, որը նկարահանում է վավերագրական ֆիլմեր' անդրադառնալով այն մարզերի գերակա խնդիրներին, որտեղ տեղի են ունենում համերգները: Ֆիլմերում արծարծվում են աղքատության, գործազրկության, շրջակա միջավայրի մարտահրավերների, աղետների դեմ պաշտպանվածության, գենդերային, հանդուրժողականության և մարդու իրավունքների հիմնախնդիրներին առնչվող թեմաներ: Այս ֆիլմերը կցուցադրվեն ազգային հեռուստաալիքներից մեկով: Ակնկալվում է, որ այս ֆիլմերը կընդլայնեն Հայաստանում հանրային իրազեկությունը երկրի զարգացման մարտահրավերների վերաբերյալ և կնպաստեն, որ իշխանությունների' մարզային հիմնախնդիրներին ուղղված պարտավորությունները մնան հանրային և քաղաքական օրակարգի առաջնահերթություններ անգամ ճգնաժամի պայմաններում: ՄԱԶԾ-ն, իր գործընկերների հետ համատեղ, համերգների ավարտից հետո պաշտոնապես կներկայացնի այս ֆիլմերը:
Մարդու իրավունքների և հանդուրժողականության խթանումն ու պաշտպանությունը ընկած են ՄԱԿ-ի արժեհամակարգի հիմքում: ՄԱԶԾ-ն Հայաստանում պատրաստակամ է համագործակցելու ՀՀ կառավարության և քաղաքացիական հասարակության հետ' գործնականորեն բարելավելու մարդու իրավունքների պաշտպանության չափանիշները և աջակցելու երկրում ինստիտուցիոնալ ենթակառուցվածքների զարգացմանը:
Գյումրու միջոցառումը թվով հինգերորդն է: Վերջին համերգը տեղի է ունենալու Դիլիջան քաղաքում մայիսի 5-ին' ուղղված Տավուշի մարզում շրջակա միջավայրի հիմնախնդիրներին: