Երևան, 18 ապրիլի 2009թ. - Այսօր, ՄԱԿ-ի մշտական համակարգող/ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ տկն. Կոնսուելո Վիդալը հանդիպեց Ամերիկայի Հայ ավետարանչական ընկերակցության (ԱՀԱԸ) գործադիր տնօրեն պրն. Էնդրյու Թորիկյանի և Հայ ավետարանչական ընկերակցության Հայաստանի ներկայացուցիչ վերապատվելի դոկտոր Ռընե Լևոնյանի հետ: Հանդիպմանը ներկա էր նաև ՄԱԿ-ի մշտական համակարգող/ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի ավագ խորհրդական Արմեն Բայբուրդյանը:
Ողջունելով հյուրերին' տկն. Կոնսուելո Վիդալը համառոտ ներկայացրեց ՄԱԿ-ի, միջազգային ֆինանսական հաստատությունների (ՀԲ, ԱՄՀ) հայաստանյան գրասենյակների վերջին շրջանի գործունեությունը, որի նպատակն է աջակցել կառավարությանը համաշխարհային ֆինանսական և տնտեսական ճգնաժամի սոցիալական ազդեցության հաղթահարման խնդրում: Նա շեշտեց, որ գնալով ակնհայտ է դառնում, որ ճգնաժամը, սկսելով որպես ֆինանսական իսկ հետագայում վերածվելով տնտեսականի, միտված է դառնալու նաև մարդկային զարգացման ճգնաժամ' հանգեցնելով աղքատության մեծացմանը: Մարդկային զարգացմանը հասցված վնասը կարող է ավելի մեծ լինել, իսկ մարդկային զարգացման առումով ճգնաժամի բացասական հետևանքները կարող են լինել ավելի երկարաժամկետ, հատկապես Հայաստանի մարզերում' նկատի ունենալով գործազրկության բարձր մակարդակը:
Կողմերն ընդգծեցին Հայաստանի մարզերում հասարակության ամենախոցելի շերտերի աջակցմանն ուղղված համայնքային զարգացման ծրագրերի կարևորությունը: Քանի որ և՛ ՄԱԿ-ը, և՛ ԱՀԱԸ-ն հետամուտ են Հայաստանի մարզերում ճգնաժամի ազդեցության մեղմացմանը, կողմերը համաձայնեցին քննարկել մարզերում աշխատատար և այլ ծրագրերի նախաձեռնումը' ուղղված հասարակության խոցելի խմբերին, հատկապես կանանց: Այս միացյալ ջանքերը կարող են դառնալ օրինակելի ծրագրեր, որոնք ճգնաժամի պայմաններում կարող են իրականացվել երկրի ողջ տարածքում: