Երևան, 16 ապրիլի 2009 - Այսօր ՄԱԿ-ի մշտական համակարգող/ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի ավագ խորհրդական Արմեն Բայբուրդյանը, ՄԱԶԾ ծրագրերի ղեկավար Նարինե Սահակյանը, ՄԱԶԾ հասարակայնության հետ կապերի պատասխանատու Հովհաննես Սառաջյանը հանդիպեցին սփյուռքահայ փորձագետների հետ, որոնք Հայաստանում են ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) TOKTEN (Գիտելիքների փոխանցումը սփյուռքյան հայրենակիցների միջոցով) ծրագրի շրջանակներում:
2008թ սեպտեմբերին, ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակը, որպես ՄԱԿ-ի <<Գլոբալ Հայաստան>> նախաձեռնության մի մաս և ՀՀ Սփյուռքի նախարարության խնդրանքով, սկսեց հայկական Սփյուռքի մասնագետների հավաքագրումը' աշխատելու Սփյուքի նախարարությունում որպես փորձագետներ Ամերիկայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Մերձավոր Արևելքի հայ համայնքների հետ կապերի ամրապնդման, ինչպես նաև լրատվության ոլորտում: Նրանք աջակցում են վերջերս ստեղծված Սփյուռքի նախարարությանն իր առօրյա աշխատանքում և ապագա քաղաքականության ձևավորման հարցում:
Ողջունելով Սփյուռքի փորձագետներին' պրն. Բայբուրդյանն ասաց, որ անցյալ տարի ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակը փոխըմբռնման հուշագիր է ստորագրել Սփյուռքի նախարարության հետ' իրավական հիմք ձևավորելով գալիք համագործակցությանը, ներառյալ TOKTEN ծրագիրը: Ըստ պրն. Բայբուրդյանի, հանդիպման հիմնական նպատակն էր գնահատել ծրագրի իրականացման գործընթացը և ստանալ Սփյուռքի փորձագետների և նախարարության անմիջական տեսակետները' ծրագրի հետագա մեխանիզմների բարելավման և հնարավոր բացերը լրացնելու վերաբերյալ:
Սփյուռքի փորձագետներն իրենց երախտագիտությունը հայտնեցին ՄԱԶԾ-ին և Սփյուռքի նախարարությանը այս նախաձեռնության և Սփյուռքի իրենց մեծ փորձը հայրենիքի իրենց գործընկերների հետ կիսելու հնարավորության ընձեռման համար: Նրանք պատրաստակամություն հայտնեցին առաքելության ավարտից հետո շարունակելու իրենց աջակցությունը նախարարությանը Սփյուռքի տարբեր ոչ պաշտոնական ցանցերի միջոցով:
TOKTEN-ի հայեցակարգն առաջին անգամ ներկայացվել է 1977թ. ՄԱԶԾ և ՄԱԿ-ի կամավորների ծրագրի հովանու ներքո, և նպատակ ունի ներգրավելու նվիրյալ սփյուռքահայերի մասնագիտական աջակցությունը' իրենց հայրենիքում կամավոր աշխատելու և երկրի զարգացման գործընթացին նպաստելու նպատակով:
Հայաստանում TOKTEN ծրագիրը, որի սկիզբը դրվեց 2008թ. սեպտեմբերին, հնարավորություն է տալիս կիրառելու սփյուռքահայերի հմտությունները, գիտելիքն ու փորձը երկրի զարգացման համար: Փորձագիտության ապահովումը հիմնված կլինի պահանջարկի վրա' ելնելով ՄԱԶԾ-ի և տեղական գործընկերների կողմից նախանշված կարիքներից: Քանի որ սա կամավորականության խթանման ծրագիր է, ՄԱԶԾ-ն հոգում է փորձագետների ճանապարհածախսը և տրամադրում օրապահիկ:
Հայաստանում ՄԱԿ-ի համակարգի' հայկական Սփյուռքի հետ կապերի միջոցներից է www.globalarmenia վեբ կայքը: