ք. Երևան, 7 ապրիլի 2009թ. Այսօր, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակը, Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ համատեղ, Սևան քաղաքում կազմակերպեց համերգ և հանրային իրազեկման քարոզարշավ' նվիրված Գեղարքունիքի մարզի գենդերային հիմախնդիրներին: Համերգը ներկայացրեց Հայաստանի պետական կամերային նվագախումբը (ՀՊԿՆ)' մաեստրո Արամ Ղարաբեկյանի գլխավորությամբ:
Միջոցառումը կազմակերպվել էր ՄԱԶԾ-ի <<Երաժշտություն և հանրային իրազեկում մարզերում. համայնքների կարիքների դիտարկումը մշակույթի պրիզմայով>> ծրագրի շրջանակներում: Ծրագրի հիմնական նպատակն է նպաստել մարզերում մշակութային կյանքի ակտիվացմանը և բարձրացնել հանրային իրազեկությունը համայնքների կարիքների վերաբերյալ' օգտագործելով մշակույթը և մասնավորապես երաժշտությունը' որպես հաղորդակցման արդյունավետ միջոց:
Ծրագիրը կարևոր գործակցություն է հաստատել <<Շողակաթ>> հեռուստաընկերության հետ, որը կնկարահանի վավերագրական ֆիլմեր' անդրադառնալով յուրաքանչյուր մարզի գերակա խնդիրներին: Համերգների ավարտից հետո ՄԱԶԾ-ն, իր գործընկերների հետ համատեղ, պաշտոնապես կներկայացնի այս ֆիլմերը:
Դիմելով Սևան քաղաքի հանդիսատեսին' ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալ պրն. Դիրք Բոբերգն ասաց. <<ՄԱԶԾ-ն և Հայաստանում ՄԱԿ-ի մյուս գործակալությունները բազմաթիվ նախաձեռնություններ են իրականացրել սատարելով կանանց և պայքարելով գենդերային բռնության դեմ: Ավելին, ՄԱԶԾ-ն աջակցել է ՀՀ կառավարությանը <<Գենդերային հավասարության մասին>> օրենքի և գենդերային քաղաքականության վերաբերյալ ազգային հայեցակարգի մշակման հարցում>>:
ՀՀ կառավարությունը միացել է <<Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին>> կոնվենցիային և իր 2008-2012թթ. ծրագրում գենդերային հավասարության խթանումը ճանաչել է որպես առաջնահերթություն:
Համերգը Սևան քաղաքում թվով հինգերորդն է համերգաշարում: Վերջին երկու համերգները և հանրային իրազեկման քարոզարշավները կանցկացվեն Գյումրի և Դիլիջան քաղաքներում, նվիրված Շիրակի մարզի' մարդու իրավունքների և հանդուրժողականության և Սյունիքի մարզի' շրջակա միջավայրի հիմնախնդիրներին: