Ս.թ. մարտի 24-26-ը ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը և Արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայությունն իրականացնելու են INSARAG-ի' (Միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խումբ) երկրաշարժի արձագանքման խաղարկային վարժանք: Վարժանքը նախատեսված է փորձարկելու միջազգային արձագանքի համակարգման բոլոր այն բաղադրիչները, որոնք անհրաժեշտ կլինեն հանկարծակի բնական աղետից տուժած երկրին:
INSARAG-ի քարտուղարությունն ամեն տարի կազմակերպում է նման խաղարկային վարժանքներ, որոնք իրազեկման և ուսուցման յուրօրինակ դասընթացներ են: Հայաստանում իրականացվող երկրաշարժի արձագանքման խաղարկային վարժանքը նպատակ ունի բարձրացնել պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների իրազեկությունը INSARAG-ի կողմից աղետներին արձագանքելու մեթոդաբանության վերաբերյալ, ինչպես նաև փորձարկելու միջազգային և ազգային արձագանքողների համակարգումն ու համագործակցությունը այնպիսի խոշոր աղետների ժամանակ, ինչպիսին է երկրաշարժը:
INSARAG-ի տարածաշրջանային USAR-ի (Քաղաքային որոնողափրկարարական ծառայություն) հայաստանյան վարժանքին մասնակցելու են 22 երկրների աղետների կառավարման հարցերով զբաղվող ղեկավարներ և USAR-ի թիմեր, ՄԱԿ-ի տարբեր գործակալություններ իրենց տեղական գործընկերների հետ, Հայաստանում գործող միջազգային կազմակերպություններ և համապատասխան հաստատությունների արտակարգ իրավիճակներով զբաղվող ղեկավարներ:
Վարժանքին աջակցում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակը' Էստոնիայի կառավարության ֆինանսական օգնությամբ: Իրենց աջակցությունն են ցուցաբերել նաև Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալությունն (SDC) ու Գերմանիայի տեխնիկական համագործակցության ընկերությունը (GTZ):
ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար տկն. Բուշրա Հալեպոտան նշեց. <<Մինչ ՄԱԿ-ը և միջազգային հանրությունը խթանում են բնական աղետների նվազեցման գլոբալ մշակույթը, ներառյալ աղետների կանխարգելումը, մեղմացումն ու աղետներին պատրաստվածությունը, բարձր ռիսկային գոտիներում տեղի են ունենում երկրաշարժեր' ավերելով շենքերն ու ենթակառուցվածքները: Հետևաբար, անհրաժեշտ է լավ նախապատրաստվել հնարավոր երկրաշարժերին և ունենալ համակարգման գործող մեխանիզմներ թե՛ ազգային և թե՛ միջազգային արձագանքման առումով և ապահովել անհապաղ և արդյունավետ որոնման և փրկարարական գործողություններ, ինչպես նաև վերականգնողական աշխատանքներ>>:
INSARAG' Միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խումբ
ՄԱԿ-ի հովանու ներքո այս կառույցը կազմավորվել է 1991 թվականին՝ Սպիտակի երկրաշարժին մասնակցած միջազգային, տարբեր երկրների որոնողափրկարարական կազմավորումների նախաձեռնությամբ: ՄԱԿ-ի մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակը (OCHA) դարձավ ավելի քան 80 երկրների աղետներին արձագանքող կազմակերպությունների նորաստեղծ ցանցի կենտրոն՝ հեշտացնելով միջազգային մասնակցությունը: ՄԱԿ-ի Մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակի Դաշտային աջակցության համակարգման բաժինը գործում է Ժնևում, որպես INSARAG-ի քարտուղարություն: Այս կազմակերպության հիմնական նպատակը միջազգային մարդասիրական աջակցության որոնողափրկարարական աշխատանքների արդյունավետ կազմակերպումն է, տարբեր երկրների փրկարարական ծառայությունների աշխատանքի համակարգումը, ընդհանուր մեթոդոլոգիայի մշակումը, միջազգային փրկարարների ու տեղական աղետների կառավարման համակարգերի համագործակցության հաստատումը՝ սկսած նրանց տեղակայումից, գործողություններից, տեղեկատվության կառավարումից մինչև ընդհանուր չափանիշների մշակում:
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 2002 թվականի դեկտեմբերի 16-ի՝ <<Քաղաքային որոնողափրկարարական միջազգային աջակցության արդյունավետության զարգացման վերաբերյալ>> որոշմամբ ընդունվեց INSARAG-ի ուղեցույցներում ամրագրված մեթոդաբանությունը: Այս որոշումից հետո առաջարկվեց նման վարժանքները կիրառել որպես INSARAG-ի մեթոդաբանության ուսուցում:
Այսպիսով. Հայաստանում անցկացվող վարժանքի նպատակներն են.
Վարժանքի սցենարի հիմքում հնարավոր հզոր երկրաշարժն է և տուժած երկրի միջազգային աջակցության խնդրանքը:
Ըստ սցենարի' միջազգային որոնողափրկարարական թիմերն ակտիվորեն ներգրավվում են և համագործակցում տեղական գործընկերների հետ: Զուգահեռաբար ընթանում են արտակարգ իրավիճակների կառավարման ազգային թիմի (LEMA) աշխատանքները երկրում ՄԱԿ-ի արտակարգ իրավիճակների կառավարման թիմի (DMT) հետ: Միջազգային արձագանքման կանոնակարգով' ՄԱԿ-ի աղետների գնահատման և համակարգման թիմը (UNDAC) կաջակցի տեղական արտակարգ իրավիճակների ազգային թիմին (LEMA) օդանավակայանում' սպասվող որոնողափրկարարական թիմերի համար ընդունման և առաքման կենտրոն, ինչպես նաև դեպքի վայրում գործողությունների և համակարգման կենտրոն (OSOCC) ստեղծելու համար: