Մեղրի, Սյունիքի մարզ - Ս.թ. նոյեմբերի 5-ին պաշտոնապես գործարկվեցին երկու համայնքային զարգացման ծրագրեր Սյունիքի մարզի Մեղրի քաղաքում: Ծրագրերի արդյունքում բարելավվեց քաղաքի աղբահանության համակարգը և վերակառուցվեց արհեստագործական կենտրոնը: Ծրագրերն իրականացվել են ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ), Իզմիրլյան հիմնադրամի և Մեղրիի քաղաքապետարանի համատեղ ջանքերով: Արհեստագործական կենտրոնի վերակառուցման աշխատանքներին իրենց մասնակցությունն են ունեցել նաև Հայաստանում շվեյցարական համագործակցության գրասենյակը և Մեծ Բրիտանիայի միջազգային զարգացման նախարարության գործակալությունը:
Սկսած այս տարվանից Մեղրիի բնակիչներն արդեն կզգան աղբահանության համակարգի նախկին և ներկա իրավիճակների տարբերությունը: Համատեղ ծրագրի շրջանակներում գործընկեր կազմակերպությունները վերանորոգել են աղբատեղը և քաղաքում տեղադրել 35-ական մեծ և փոքր աղբարկղներ: Ամենօրյա գրաֆիկով աղբը հավաքելու նպատակով տրամադրվել է մեկական աղբահավաք մեքենա և էքսկավատոր-ամբարձիչ: Աղբահանության համակարգի աշխատանքները կազմակերպում է Մեղրիի քաղաքապետարանի կողմից ստեղծված ընկերությունը, որտեղ ապահովվել է 12 մարդու մշտական զբաղվածություն:
2008թ. կազմակերպությունների համատեղ ջանքերով հիմնանորոգվել է Մեղրիի շենքերից մեկը' վերակառուցվելով արհեստագործական կենտրոնի: Արդյունքում 100 քառ.մ տարածք ունեցող այս շենքում կկազմակերպվեն դարբնագործական, բրուտագործական, փայտամշակման, գորգագործական և ասեղնագործական հինգ խմբակներ: Ծրագրի շնորհիվ ստեղծվել է 10 նոր աշխատատեղ:
Արհեստագործական կենտրոնը կգործի 2007թ. ՄԱԶԾ-ի և Իզմիրլյան հիմնադրամի կողմից վերակառուցված հյուրատան հարևանությամբ: Համապատասխանաբար, տեղացի արհեստագործների աշխատանքները կառաջարկվեն հյուրատան այցելուներին:
***
ՄԱԶԾ-ն Միավորված Ազգերի գլոբալ զարգացման ցանցն է: Այն փոփոխությունների ջատագով է և երկրներին ուղղորդում է դեպի գիտելիքի, փորձառության և ռեսուրսների դաշտ, որպեսզի օգնի մարդկանց սեփական կյանքը բարելավելու գործում: Մենք աշխատում ենք 166 երկրներում. աջակցում, որպեսզի իրենք լուծում տան գլոբալ ու ազգային զարգացման մարտահրավերներին: Ազգային կարողությունների հզորացման գործընթացում այդ երկրներին մեծապես աջակցում են ՄԱԶԾ-ի թիմը և մեր բազմաթիվ գործընկերները: Հայաստանում ՄԱԶԾ-ն հիմնադրվել է 1993թ. և աջակցում է Հայաստանի կառավարությանը երկրի զարգացման առաջնահերթություններին և Հազարամյակի զարգացման նպատակներին մինչև 2015թ. հասնելու գործում:
Իզմիրլյան հիմնադրամը բարեգործական կազմակերպություն է' ստեղծված 1994 թվականին Սարգիս և Մարի Իզմիրլյանների հիշատակին իրենց զավակների կողմից: Իզմիրլյան հիմնադրամը մասնակցում է Հայաստանի կրթության, առողջապահության և զարգացմանն աջակցության ոլորտներում տարբեր ծրագրերի իրականացմանը: Փորձելով բարելավել Հայաստանի գործարարության ոլորտը երկրում զբաղվածության հնարավորությունների խթանման միջոցով' Իզմիրլյան հիմնադրամը գործում է տարբեր սեկտորներում և ֆինանսավորում է փոխառության երեք առանձին տարբերակ' սկսած միկրովարկավորումից և ներառելով խոշոր վարկերի տրամադրում Հայաստանի առաջատար ընկերություններին: