ՄԱԿ, Երեւան - Միավորված Ազգերի Կազմակերպության (ՄԱԿ) հայաստանյան պատվիրակությունը` ՄԱԿ-ի մշտական համակարգող, Միավորված Ազգերի Կազմակերպության Զարգացման Ծրագրի (ՄԱԶԾ) մշտական ներկայացուցիչ Կոնսուելո Վիդալի գլխավորությամբ, ավագ խորհրդական Արմեն Բայբուրդյանի, ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի օգնական Նարինե Սահակյանի մասնակցությամբ, աշխատանքային այցով հուլիսի 21-ից օգոստոսի 2-ը գտնվում էր Միացյալ Նահանգներում:
Այցն ուներ երկակի նպատակ` ՄԱԿ-ի հայասանյան պատվիրակության ղեկավարը ՄԱԿ-ի կենտրոնատեղիում ՄԱԿ-ի բարձրաստիճան պաշտոնյաների հետ քննարկեց բազմաբնույթ հարցեր` կապված ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի առօրյա գործունեության, ինչպես նաեւ ապագա ռազմավարական ծրագրերի հետ: ՄԱԿ-ի պատվիրակությունը ամերիկահայ համայնքին ներկայացրեց ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ծրագրերն ու գործունեությունը, մասնավորապես "Գլոբալ Հայաստան" նախաձեռնությունը, որը կոչված է հայկական սփյուռքի հետ համագործակցաբար իրականացնելու մի շարք ծրագրեր: Դրանց նպատակն է նպաստել աղքատության նվազեցմանը եւ Հայաստանում կայուն զարգացմանը: "Գլոբալ Հայաստան" նախաձեռնությունը մեկնարկել է անցած տարի Բրազիլիայում, Արգենտինայում, Ուրուգվայում, Ռուսաստանում եւ այս տարվա սկզբին նաեւ` Լիբանանում, Միացյալ Արաբական Էմիրություններում:
Այցի առաջին շաբաթվա ընթացքում Նյու Յորքում կայացան բովանդակալից հանդիպումներ ամերիկահայ համայնքի արեւելյան ափի ներկայացուցիչների հետ: Կազմակերպվեցին առանձին հանդիպումներ Հայ Առաքելական Եկեղեցու արեւելյան թեմի առաջնորդ Խաժակ Արքեպիսկոպոս Պարսամյանի, Հայ Առաքելական Եկեղեցու արեւելյան թեմի առաջնորդ Օշական Արքեպիսկոպոս Չոլոյանի (Անթիլյաս), որը նաեւ ի պատիվ պատվիրակության կազմակերպեց ընդունեություն, Միացյալ Նահանգներում եւ Կանադայում Հայ Կաթոլիկ Եկեղեցու առաջնորդ Մանուել Եպիսկոպոս Բաթակյանի, եւ Ամերիկայում Հայկական Քարոզչական Ընկերակցության (AMAA) գործադիր տնօրեն Անդրյու Թորիկյանի հետ: Կոնսուելո Վիդալը, բարձր գնահատելով եկեղեցու դերը հայ համայնքում, ներկայացրեց ՄԱԿ-ի նախաձեռնությունները` ուղղված Հայաստանում գյուղական շրջանների զարգացմանը եւ երիտասարդներին աշխատանքով ապահովելուն: Այս համատեքստում Կոնսուելո Վիդալը կարեւորեց Հայաստանում ՄԱԿ-ի մյուս գործակալությունների աշխատանքը, որոնք իրենց կառույցների միջոցով հաջողությամբ մի շարք ծրագրեր են իրականացնում, առավելապես Հայաստանի սոցիալապես անապահով մարդկանց շրջանում: Արդյունավետ համագործակցության համար կարեւորվեց ՄԱԿ-ի տարբեր նախաձեռնություններում Սփյուռքի արժեքավոր փորձի ներգրավումը, որը դրվատանքի արժանացավ ամերիկահայ համայնքի կողմից:
Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) խնամակալների խորհրդի անդամ Լուիզ Մանուկյան Սիմոնի, ՀԲԸՄ Կենտրոնական գլխավոր ծրագրի տնօրեն Անիտա Մանսուրյանի, ՄԱԿ-ում ՀԲԸՄ ներկայացուցիչ Կիմ Յակուբյանի հետ հանդիպման ժամանակ քննարվեցին "Գլոբալ Պայմանագիր" նախաձեռնության "Երիտասարդների առաջխաղացման արահետ" ծրագրի հետ կապված հարցեր: ՄԱԶԾ, ՀԲԸՄ, մասնավոր սեկտորի եւ հասարակական կազմակերպությունների համատեղ ջանքերն ուղղված են Հայաստանում երիտասարդների շրջանում գործազրկության կրճատմանը: Այս առիթով ՀԲԸՄևՄԱԿ-ի հատուկ հարցերով խումբը ՄԱԶԾ-ի հետ համատեղ Նյու Յորքի գլխավոր գրասենյակում հուլիսի 24-ին տեղի ունեցած ընդունելության ժամանակ կազմակերպեց հանգանակություն:
Զարգացմանն ուղղված ծրագրերում հնարավոր համագործակցությանը վերաբերող քննարկումներ տեղի ունեցան Նյու Յորքի Կարնեգի հիմնադրամի միջազգային ծրագրերի համակարգման գծով փոխնախագահ Դիանա Արսենյանի, Մերձավոր Արեւելքի Հիմնադրամի տնօրենների խորհդի նախագահ Շանթ Մարտիրոսյանի, Թուֆենկյան Հիմնադրամի նախագահ Ջեյմս Թուֆենկյանի հետ:
Լոս Անջելես կատարած այցի օրակարգը ներառում էր հանդիպումներ Հայ Առաքելական Եկեղեցու արեւմտյան թեմի առաջնորդ Հովնան Արքեպիսկոպոս Տերտերյանի, Հայ Առաքելական Եկեղեցու արեւմտյան թեմի առաջնորդ Մուշեղ Արքեպիսկոպոս Մարտիրոսյանի (Անթիլյաս) հետ, որոնց ժամանակ Կոնսուելո Վիդալը ներկայացրեց "Գլոբալ Հայաստան" նախաձեռնությունը, ինչպես նաեւ TOKTEN (Գիտելիքների փոխանցումը Սփյուռքի հայրենակիցների միջոցով) հայեցակարգը, որը ՄԱԿ-ի համակարգ է սփյուռքի փորձագետներին հայրենիք հրավիրելու եւ ՄԱԿ-ի հովհանու ներքո կազմակերպելու նրանց կարճաժամկետ խորհրդատվական առաքելությունները:
Թեքեյան Մշակութային Միության աջակցութամբ "Գլոբալ Հայաստան" ծրագիրը Լոս Անջելեսի հայ համայնքին ներկայացվեց Գլենդեյլի հանրային գրադարանում: Համայնքի ղեկավարներից Բարսեղ Քարտալյանը ողջունեց ՄԱԿ-ի հայաստանյան պատվիրակությանը' նշելով, որ հայ համայնքը խանդավառված է ՄԱԿ-ի եւ ամերիկահայ համայնքի միջեւ գործընկերության սկզբունքով համագործակցության Կոնսուելո Վիդալի առաջարկով: Բացի այդ, ՄԱԿ-ի հայաստանյան պատվիրակության անդամները հնարավորություն ունեցան արեւմտյան թեմի առաջնորդարանի դահլիճում կազմակերպված մամլո ասուլիսի ժամանակ սփյուռքի մամուլի ներկայացուցիչների հետ քննարկել ՄԱԿ-Սփյուռք համագործակցությանն առնչվող հարցեր: Կոնսուելո Վիդալը նշեց, որ ՄԱԿ-ը, հանդիսանալով լավագույն փորձի եւ գիտելիքների աշխարհասփյուռ մի ցանց, նպատակ է հետապնդում իր ծրագրերում օգտագործելու ամերիկահայ համայնքի փորձն ու հմտություններն ի շահ Հայաստանի:
Լոս Անջելես կատարված այցն ավարտվեց Հայկական Միացյալ Հիմնադրամի (UAF) նախագահ եւ գործադիր տնօրեն Հարութ Սասունյանի հետ հանդիպմամբ, ամերիկահայ համայնքի կարկառուն ներկայացուցիչների մասնակցությամբ ընդունելությամբ` Սիլվիա Չաքմաքչյանի հյուրընկալությամբ, եւ UBS-Կալիֆորնիայի ներդրումների գծով փոխնախագահ Մարկ Չենյանի հետ հանդիպմամբ:
Ընդունելություն կազմակերպվեց նաեւ տեր եւ տիկին Ժոզեֆ Մաթոսյանների եւ Ջեք Քույումջյանի ջանքերով, որին ներկա էին Սան Ֆրանցիսկոյի ամերիկահայ համայնքի ներկայացուցիչները:
###
ՄԱԶԾ-ն` ՄԱԿ-ի համընդհանուր զարգացման ցանցը, կազմակերպություն է կոչված աջակցելու փոփոխություններին` կամրջելով երկրները համաշխարհային գիտելիքներին, փորձին եւ աղբյուրներին' մարդկանց կյանքը բարելավելու նպատակով: ՄԱԶԾ-ն գործում է 166 երկրներում' տվյալ երկրների գլոբալևազգային զարգացման մարտահրավերներին տեղական լուծումներ տալուն նպատակաուղղված: Տեղական ներուժը զարգացնելիս, երկրներն ապավինում են ՄԱԶԾ-ի աշխատակիցների եւ բազմաթիվ գործընկերների աջակցությանը: ՄԱԶԾ-ն hաստատվել է Հայաստանում 1993թ. եւ աջակցում է ՀՀ կառավարությանը մինչ 2015թ. իր զարգացման առաջնահերթ ուղղություններին, ինչպես նաեւ Հազարամյակի զարգացման նպատակներին հասնելուն: